Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Մեթադոնային փոխարինող բուժումը` արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ

Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1941թ. սեպտեմբերի 11-ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին մեթադոնը, սկզբում «Խյոխստ-10820», այնուհետև` «Պոլամիդոն» անվամբ»:1942թ. աշնանն արդեն «Ամիդոն» քողարկված անվան տակ մեթադոնը որպես ցավազրկող նշանակվում էր գերմանացի վիրավոր զինվորներին [1]:

 

Պատերազմի ավարտից հետո, երբ մեթադոնն առաջին անգամ սինթեզած «Ի ֆարբենինդուստրիա» դեղագործական ընկերությունն անցավ դաշնակիցների տիրապետության ներքո և վերակազմավորվեց «Խյոխստ Ա» գործարանի, ամերիկյան հանրահռչակ «Էլի-Լիլի» և բրիտանական դեղագործական ընկերությունները նախաձեռնեցին մեթադոնի խորացված ուսումնասիրություններ: 1947թ. Լեքսինգթոնի` կախվածությունների հետազոտման կենտրոնում Իսբելը և նրա գործընկերները ապացուցեցին, որ մեթադոնը կարող է նշանակվել` մեղմացնելու հերոինից կախվածությամբ հիվանդների զրկանքի համախտանիշը: Հոլիդեյը 1963թ. Վանկուվերում, և ավելի ուշ Դոլն ու Նիսվանդերը 1967թ. Նյու Յորքում ապացուցեցին մեթադոնի` որպես բուժման փոխարինող միջոցի կիրառման հնարավորությունները: Հետագա լայնամասշտաբ հետազոտություններով տրվել են այդ մեթոդի ինչպես կլինիկական գնահատականները, այնպես էլ դեղաբանական և կլինիկական որոշ կարևոր առանձնահատկություններ [1]:

 

1980-ականներից Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում ներերակային եղանակով թմրամիջոցներ գործածողների շրջանում ՁԻԱՀ-ով հիվանդացության դեպքերի պատճառով մեթադոնային փոխարինող բուժումն ավելի մեծ թափ ստացավ և աստիճանաբար ավելի մեծ թվով երկրներում սկսվեց կիրառվել: Հիմնական նպատակը ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդների շրջանում ապօրինի թմրամիջոցների ներարկման դեպքերի էական կրճատումն էր, հետևաբար նաև` արյան միջոցով վարակների տարածման հավանականության հնարավորինս նվազեցումը: 1992թ. ԱՄՆ-ում արդեն գործում էին մեթադոնային բուժման 800-ից ավելի ծրագրեր` ներառելով ափիոնատիպ նյութերից կախվածությամբ գրեթե 120 հազար հիվանդի: Հետագա ուսումնասիրություններով ապացուցվեց, որ փոխարինող բուժումն ափիոնային թմրամոլության գոյություն ունեցող բուժման տարբերակներից ամենաարդյունավետն է: Այժմ փոխարինող բուժման ծրագրեր գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանին սահմանակից չորս պետություններում:

 

Փոխարինող բուժման արդյունավետությունը

 

Ափիոնատիպ նյութերից կախվածությունը խրոնիկական հիվանդություն է, որը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչում: Այս հիվանդության առաջացման գլխավոր պատճառը մարդու օրգանիզմում արտադրվող և մարդու վարքը, տրամադրությունն ու շարժառիթները կարգավորող, ինչպես նաև բազմաթիվ այլ կարևորագույն գործընթացներում առանցքային նշանակություն ունեցող էնդոգեն օփիատների` էնդորֆինային համակարգի աստիճանական հյուծումն է: Արտածին օփիատների ամենօրյա ներարկումները բերում են արտադրվող էնդորֆինների քանակության աստիճանական կրճատման, որի պատճառով հիվանդի մոտ անհաղթահարելի հիվանդագին հակում և պահանջ է զարգանում ափիոնատիպ նյութերի նկատմամբ, իսկ վերջիններիս բացակայությունն առաջացնում է ծանր ընթացող զրկանքի համախտանիշ: 

 

Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների հոգեկան և վարքային շեղումները, ի տարբերություն մյուս հոգեներգործուն նյութերի, ընթանում են ծանր զրկանքի համախտանիշով: Միաժամանակ այս թմրամիջոցները գործածվում են հիմնականում ներերակային ճանապարհով, որին հատուկ է արյան միջոցով տարածվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ վարակի ու վիրուսային հեպատիտների տարածման, երակաբորբերի, գերդոզավորման և այլ բարդությունների մեծ վտանգը:

 

Զարգացած երկրների առողջապահության փորձը ցույց է տալիս, որ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների դեղաբուժման մեթոդներից լավագույն արդյունքն ապահովվում է այն դեպքում, երբ կիրառվում են ափիոնային ընկալիչների ագոնիստներ, ինչպիսին մեթադոնն է: Իսկ խորհրդային նարկոլոգիայում հոգեմետ դեղերով լայնորեն կիրառվող բուժման մեթոդը (նեյրոլեպտիկներ, տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ) այնքան էլ արդյունավետ չէ: Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ խորհրդային նարկոլոգիայում բուժման արդյունավետությունը գնահատվում էր հիմնականում սուբյեկտիվ չափանիշներով` առանց արդյունքների գնահատման միջազգայնորեն ընդունված համաճարակաբանական գործոնների:

 

Իրավիճակը մեր հանրապետությունում

 

Ափիոնատիպ նյութերից կախվածության համախտանիշ ունեցող հիվանդների բուժումն առ այսօր մնում է ամենախնդրահարույց հարցերից մեկը նաև հայրենական նարկոլոգիայում: Այն առավել մեծ սրություն ստացավ վերջին տասնամյակի ընթացքում, երբ ներերակային եղանակով թմրամիջոցներ գործածողների շրջանում դիտվեց ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդացության կտրուկ աճ: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալները վկայում են, որ, 1988թ.-ից մինչև օրս հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման գրանցված բոլոր դեպքերի 41,7%-ի պարագայում այս վարակի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներերակային գործածումը [2]: Ոչ պակաս կարևորության խնդիր է դարձել թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում վիրուսային հեպատիտների (հատկապես` հեպատիտ C-ի), տուբերկուլոզի, վարակային այլ հիվանդությունների ու բարդությունների մեծ հաճախականությունը: Վերջապես չպետք է մոռանալ, որ թմրամոլությունն ինքնին համարվում է սոցիալական, այդ թվում` իրավական ծանր հետևանքների պատճառ:

 

Հաշվարկային տվյալներով` Հայաստանում ներկայումս կա ներերակային թմրամիջոցներ գործածող մոտավորապես 5000 անձ [3]: Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող 500-ից ավելի հիվանդ այս պահին հաշվառված է նարկոլոգիական կլինիկայում: Սկսած խորհրդային ժամանակաշրջանից, հանրապետությունում ներերակային եղանակով ափիոն օգտագործող թմրամոլների նարկոլոգիական բուժօգնության միակ մոտեցումը ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում անցկացվող, այսպես կոչված` «թմրամիջոցներից զերծ» դետոքսիֆիկացիա էր, որն աչքի չի ընկնում իր բարձր արդյունավետությամբ: Ցավոք սրտի, նման բուժումից հետո ներերակային թմրամիջոց գործածող հիվանդների գերակշիռ մասը կրկին վերսկսում են թմրամիջոցների չարաշահումը: Բազմաթիվ են նաև բուժման մի քանի շաբաթյա ռեժիմին չհետևելու դեպքերը: Կան հիվանդներ, ովքեր բազմիցս ստացել են դետոքսիֆիկացիոն բուժում, սակայն, առանց երկարատև կայուն ռեմիսիայի (ապօրինի թմրամիջոցների գործածման դադար): 

 

Ի հակադրություն և լրացումն արդեն ավանդական դարձած դետոքսիֆիկացիոն բուժման, մեթադոնով փոխարինվող բուժումը կարող է հանդես գալ որպես այլընտրանք: Այդ մասին վկայում են ինչպես կուտակված բժշկագիտական հավաստի տվյալները (ստացված խոշորածավալ կլինիկական փորձարկումների և դրանց մետա-վերլուծությունների արդյունքում), այնպես էլ միջազգային փորձը: Ահա թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի` ապօրինի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործակալությունը և ՄԱԿ-ի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը շուրջ 5 տարի առաջ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` ի պաշտպանություն մեթադոնային փոխարինող բուժման` կարևորելով վերջինս դերը ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական, հոգեբանական և սոցիալական վիճակը բարելավելու ու արյան միջոցով տարածվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցում [4]: 

 

Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների մեթադոնային փոխարինող բուժման կազմակերպման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009-ին: Իրականացվում է համատեղ` «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի կողմից: Բուժումը կազմակերպվում է նարկոլոգիական կլինիկայում գործող փոխարինող բուժման բաժանմունքում: Հարկավոր է նշել, որ մեթադոնով փոխարինվող բուժումը որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոց, ներկայացված է նաև «2009-2011թթ. ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում», որի շրջանակներում ակնկալվում է 2011թ. ավարտին ծրագրերում ընդգրկել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող ավելի քան 400 հիվանդի: 

 

Մեթադոնային փոխարինող բուժման նպատակները

 

Մեթադոնը ափիոնային ընկալիչների սինթետիկ ագոնիստ է, որն ի տարբերություն մնացած ագոնիստների` օժտված է հետևյալ առանձնահատկություններով.

 

  • կարելի է նշանակել ներքին ընդունման (պերօրալ) համար.
  • խմելու համար նախատեսված մեթադոնն առաջ է բերում ափիոնատիպ նյութերի նկատմամբ հակման և զրկանքի համախտանիշի ընկճում 16-ից մինչև 36 ժամվա ընթացքում.
  • խմելու համար նախատեսված մեթադոնը բուժական դեղաչափերով չի առաջացնում էյֆորիա. ավելին, այն արգելակում է այլ օփիատների առաջացրած էյֆորիկ ազդեցությունը.
  • խմելու համար նախատեսված մեթադոնի երկարատև օգտագործման ժամանակ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդներից շատերի մոտ գրանցվում է հոգեկան գործունեության կայունացում:
  • Մեթադոնային փոխարինող բուժման նպատակներն են`
  • վերացնել կամ հնարավորինս մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց չարաշահումը.
  • նվազեցնել ապօրինի ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները.
  • բարելավել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական վիճակը և կյանքի որակը.
  • հասնել հիվանդների հոգեսոցիալական կենսագործունեության հնարավորինս լավագույն մակարդակի:

 

Մեթադոնային փոխարինող բուժման շնորհիվ հնարավոր է դառնում ափիոնատիպ նյութերից կախվածությամբ տառապող հիվանդներին արդյունավետ կերպով տեղափոխել օրինական դաշտ և բուժման ընթացքում աստիճանաբար բարելավելով ու կայունացնելով նրանց առողջական վիճակը` կազմակերպել կամ վերակազմակերպել նրանց առօրյա կյանքը, բարելավել հիվանդի ներընտանեկան վիճակը, զերծ պահել իրավախախտումներից, վերադարձնել ընտանիք, ի վերջո, վերափոխել նրանց վարքը և օժանդակել` դառնալու հանրության լիարժեք անդամ [1]:

 

Մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները


Բազմաթիվ երկրներում անցկացված լայնամասշտաբ հետազոտություններով ապացուցվել է, որ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում առաջ են գալիս ապօրինի ափիոնատիպ նյութերի հարուցած վնասի նվազեցման հետևյալ դրական ազդեցությունները`

 

  1. հիվանդների ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակի բարելավում` գերդոզավորման, արյան միջոցով փոխանցվող և այլ վարակների ռիսկի նվազեցում, մահացության ցուցանիշների կրճատում, հղիության ելքի բարելավում,
  2. հիվանդների հոգեսոցիալական գործունեության բարելավում, այդ թվում`

    • ինքնագնահատման և արժանապատվության զգացման վերահաստատում,
    • ընտանիքում և համայնքում սոցիալական դերի բարելավում և առօրյա գործառույթներին ավելի ակտիվ ներգրավում,
    • կրթական վիճակի բարելավում կամ ինքնակրթման նախաձեռնություն,
    • աշխատանքային վարքի և կարգապահության բարելավում կամ նոր աշխատանքի ձեռք բերում,
    • ապօրինի թմրամիջոցների գործածում,
    • հանցավոր վարքի մեղմացում, 
  3. բուժման ծախսատարության նվազեցում [1]:

 

Մեթադոնի նշանակման կարգը

 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. հունիսի 2-ի 532 Ա հրամանով հաստատված «Նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտների» ափիոնատիպ նյութերից կախվածությամբ տառապողների բուժման ընթացքում մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով և նարկոլոգի, թերապևտի, նյարդաբանի, արյան ու մեզի ընդհանուր, բիոքիմիական, տոքսիկոքիմիական, ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի նկատմամբ գերձայնային հետազոտության անցկացման պայմաններում [1, 5]:

 

Նախքան բուժումը սկսելը, ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդը ծանոթանում է պայմաններին, իր իրավունքներին և պարտականություններին, ներկայանում համապատասխան հանձնաժողովի նիստին, ապա կնքում է համաձայնագիր, որից հետո հաշվառվում է փոխարինող բուժման բաժանմունքում, որտեղ անցկացվում է բուժումը: Հաշվառված հիվանդը բժիշկ-նարկոլոգի կողմից նշանակված մեթադոնի դեղաչափը ստանալու նպատակով յուրաքանչյուր օր այցելում է բաժանմունք, որտեղ պարբերաբար ստանում է նաև հոգեբանի, անհրաժեշտության դեպքում թերապևտի, նյարդաբանի խորհրդատվություն անցկացվում, արյան, մեզի և գերձայնային հետազոտություն:

 

Գրականության ցանկ


  1. Պոտոսյան Ա., Սահակյան Ե.«Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույց». ՀՔԴ, Երևան 2006:
  2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջ (www.`rm`ids.`m):
  3. Բեգլարյան Զ. և այլոք.«Թմրամիջոցների վերաբերյալ տարեկան զեկույց, 2008». ՄԱԶԾ/ՀԿԹՀԾ-5, Երևան 2008:
  4. WHO/UNODC/UN`IDS position p`per.«Substitution m`inten`nce ther`py in the m`n`gement of opioid dependence `nd HIV/`IDS prevention», 2004:
  5. «Հայաստանի Հանրապետությունում նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտները», Երևան 2005:

Հեղինակ. Սամվել Թորոսյան ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնից,Պետրոս Սեմերջյան ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկայից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. մարիխուանայի գործածության հետևանքները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. մարիխուանայի գործածության հետևանքները

Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...

Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com
Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com

Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...

Վնասակար սովորություններ
Ալկոհոլի ազդեցությունը 40 տարեկանից հետո. urolog.am
Ալկոհոլի ազդեցությունը 40 տարեկանից հետո. urolog.am

The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...

Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:

Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը. armeniamedicalcenter.am
Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...

Բժշկի ընդունարանում
Էպշտեյն-Բարի վիրուսը որպես հոգնածության պատճառ
Էպշտեյն-Բարի վիրուսը որպես հոգնածության պատճառ

Այս հիվանդության հարուցիչն այնքանով է տարածված, որքանով քիչ է ուսումնասիրված Էպշտեյն-Բարի վիրուսը կամ հերպեսի վիրուսի 4-րդ տեսակը: Ինչպես հաստատում են մասնագետները...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 16-17.2012
Սննդային թունավորումներ
Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...

Առաջին նախաբժշկական օգնություն
Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Առաջին նախաբժշկական օգնություն Առողջապահության լրատու 10-11.2012
Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է...Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:
Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է...Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...

Առողջապահության լրատու 10-11.2012
Սնկային թունավորումներ. Ի՞նչ անել
Սնկային թունավորումներ. Ի՞նչ անել

ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...

Առաջին նախաբժշկական օգնություն
Սննդային թունավորումներն աղտոտված մթերքի արդյունք են
Սննդային թունավորումներն աղտոտված մթերքի արդյունք են

Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...

Առողջապահության լրատու 8-9.2012
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 6-7.2012
Օձի խայթոցից տարեկան 30 հազար մարդ է մահանում
Օձի խայթոցից տարեկան 30 հազար մարդ է մահանում

Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...

Հրատապ թեմա Աշխարհում
Ինչպե՞ս զերծ մնալ ամանորյա թունավորումներից
Ինչպե՞ս զերծ մնալ ամանորյա թունավորումներից

Շուկայում վաճառված սատկած ձիու մսի օգտագործման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հինանդանոց դիմողներ չեն եղել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հանրապետության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Առողջապահություն 2.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ